Ղազախստանի Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Սերիկ Աբդենովի վրա այսօր՝ ապրիլի 26-ին, ձվեր են նետել:
Միջադեպը տեղ է ունեցել Ուսանողների պալատում, որտեղ նախարարը կենսաթոշակային բարեփոխումների մասին ելույթ պիտի ունենար: Նրա ելույթի ժամանակ «Ղազախստանի կոմունիստներ» շարժման առաջնորդ Անդրեյ Ցուկանովը պաշտոնյայի վրա երկու ձու է նետել: Նետելու ժամանակ նա ասել է. «Մի խայտառակեք Կարագանդան եւ երկիրը», (նախարարը Կարագանդայի մարզում է ծնվել), հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռադիո Ազատտիկ»-ի տեղեկատվությամբ` ձվերից մեկը դիպել է նշանակակետին, որի պատճառով պաշտոնյան ստիպված է եղել փոխել հագուստը:
Միջադեպի վերաբերյալ նախարարը հայտարարել է. «Այս արարքը ցույց է տալիս, թե ինչ դաստիարակություն ունի տվյալ մարդը… Ես ձեզ մոտ այստեղ եմ եկել բարեփոխումը պարզաբանելու համար»: Արարքի հեղինակը ձերբակալված է, հաղորդում է «Նովոստի Կազախստան»-ը:
Ինչպես նշում է «Ռադիո Ազատտիկ»-ը, շատերի դժգոհության պատճառը դարձած կենսաթոշակային բարեփոխումները ենթադրում են բարձրացնել կանանց թոշակային տարիքը եւ միացյալ թոշակային ֆոնդ ստեղծել:
Վերջերս, ինչպես հայտնում է ԿՏԿ-ն, սոցիալական ցանցերում մեծ տարաձայնությունների առիթ է դարձել կանանց թոշակային տարիքը (58-63տ.) բարձրացնելու նախարարի պատճառաբանման փորձը: «Դուք պետք է աշխատեք եւ աշխատեք, հարգելի հայրենակիցներ, որովհետեւ, որովհետեւ, որովհետեւ...»,-հայտարարել է նախարարը: Կանայք դրանից հետո սկսել են նման արտահայտություններով նկարներ դնել համացանցում, «ես պետք է աշխատեմ, որովհետեւ, որովհետեւ, որովհետեւ...»:




























