Ղրղըզական կողմը շահագրգռված է Իսսիկ Կուլ լճի ափին կառուցված հայկական վանքի որոնողական աշխատանքներին հայ մասնագետների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ղրղըզստանի Լեւ Գումիլեւ կենտրոնի համակարգող Դմիտրի Լուժանսկին: Նշենք, որ Դմիտրի Լուժանսկին նաեւ Ղրղըզա-ռուսական Սլավոնական համալսարանի ներկայացուցիչ է եւ ղեկավարում է Երեւանում ընթացող «Մեկ քայլ մոտ» Եվրասիական երիտասարդական համաժողովին մասնակցող ղրղըզական երիտասարդների պատվիրակությունը:
«Մենք Ղրղըզստանում հումանիտար գիտություններ ենք քարոզում եւ Հայաստանը մեզ առաջին հերթին հետաքրքրում է Ղրղըզստանի տարածքում հայկական վանքի որոնման աշխատանքներում համագործակցության շրջանակում»,- նշել է պատվիրակության ղեկավարն` ավելացնելով, որ Հայ եղբայրների վանքի որոնման աշխատանքով զբաղվել է ռուս հայտնի երկրաբան եւ ճամփորդ Պյոտոր Սեմյոնով-Տյան-Շանսկին, այնուհետեւ աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
«Այժմ այդ հարցով զբաղվում է ակադեմիկոս Վլադիմիր Պլոցկիխը, ով եղել է Ղրղըզստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, պատմության եւ մշակութաբանության ամբիոնների վարիչ: Մենք համագործակցում ենք նրա հետ եւ միաժամանակ ինքներս էլ փնտրում ենք վանքը»,- ասել է Դմիտրի Լուժանսկին: Այդ առնչությամբ նա նշել է Ղրղըզստանի շահագրգռվածությունն այդ աշխատանքներում Հայաստանի մասնակցությամբ. «Կարծում եմ սա Հայաստանի համար էլ կարեւոր է, որ նրա միջնադարյան վանքը կառուցվել է իր տարածքներից այսքան հեռավորության վրա»:
Դմիտրի Լուժանսկին նշել է, որ նախօրեին հանդիպել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահի` «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանի հետ, եւ հանդիպման շրջանակում քննարկվել է նրանց հնարավոր համագործակցության հարցը: Պատվիրակության ղեկավարի խոսքով` սեպտեմբերին ծրագրվել է համատեղ խոշոր արշավ ռուս ճամփորդ Ֆյոդոր Կոնյուխովի, Կարեն Բալայանի, Ղրղըզա-ռուսական սլավոնական համալսարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արշավի գլխավոր նպատակներից մեկն էլ հայկական վանքի որոնումներն են:



























