Այսօր՝ ապրիլի 26-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, գրություն է հղել Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին սրբություն Իգնատիոս Զակկա Իվասին` մտահոգություն հայտնելով օրեր առաջ Հալեպի մոտակայքում մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ ուղղափառ եկեղեցու երկու միտրոպոլիտների` Նորին սրբազնություն Հովհաննես Իբրահիմի եւ Նորին սրբազնություն Պողոս Յազիգի առեւանգման առիթով:
Գարեգին Բ-ի նամակում մասնավորապես ասվում է. «Խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան հոգեւորականների առեւանգումը: Միջկրոնական լարվածության հրահրումը եւ կրոնական անհանդուրժողականության սերմանումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Լիահույս ենք, որ հոգեւոր այրերը ազատ կարձակվեն ապահով եւ անվնաս»:
Նամակում նա նաեւ իր զորակցությունն է հայտնել Պատրիարքին եւ հույս հայտնել, որ քաղաքակրթությունների ու կրոնների երկխոսության ավանդույթներով հարուստ Սիրիայում շուտով կդադարեն հակամարտություններն ու բախումները:




























