Այսօր` փետրվարի 23-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությանը եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագծերին: Խորհրդակցությանը մասնակցել են Հանրային խորհրդի ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Մինչ օրակարգին անդրադառնալը վարչապետը նշել է. «Մենք մտադիր ենք լայնածավալ քննարկումներ կազմակերպել: Նպատակն է այս փաստաթուղթը ենթարկել բավականին լուրջ փորձաքննության, որպեսզի մեր հանրապետության լավագույն մասնագետները կարողանան իրենց կարծիքը հայտնել դրա վերաբերյալ, ինչպես նաեւ մենք պարտավոր ենք հաշվի առնել մեր գյուղացիական տնտեսությունների խնդիրներով զբաղվող պրոֆեսիոնալ կառույցների կարծիքները: Բնականաբար, մենք շահագրգիռ քննարկումներ ենք կազմակերպելու, որպեսզի ունենանք ամբողջական պատկեր այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը գյուղատնտեսությունում, որոնք են գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ուղիները, որոնք են մեր հարաբերական առավելությունները եւ թույլ կողմերը, ինչպես նաեւ այն, թե ինչ ռեսուրսներ իրականում ունի գյուղատնտեսությունը»: Վարչապետը նշել է նաեւ, որ այս ոլորտը գտնվում է ՀՀ նախագահի անմիջական վերահսկողության տակ, որ այն 2010-ին կառավարության համար լինելու է գերակա ոլորտ:

Այնուհետեւ ռազմավարության նախագծի մշակման վերաբերյալ զեկուցումով հանդես է եկել ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, որից հետո խորհրդակցության մասնակիցներին ռազմավարության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը: