Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Լոս Անջելեսի Հանդուրժողականության թանգարանը ապրիլի 28-ին կկազմակերպեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Մորս ձայնը» ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին հաղորդել է «Asbarez»-ը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո քննարկումներ կլինեն ֆիլմի սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Քեյ Մուրադյանի, նրա ռեժիսոր Մարկ Ֆրիդմանի եւ «The California Courier» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի հետ: Երկխոսությունը կվարի թանգարանի տնօրեն Լիբե Գեֆթը:

«Մորս ձայնը» ֆիլմը պատմում է 14-ամյա Ֆլորա Մանուշյանի պատմությունը, ով Հայոց ցեղասպանության արդյունքում կորցրել է ընտանիքն ու հայտնվել Ամերիկայում, ամուսնացել է մի մարդու հետ, ում ճանաչել է միայն նկարով: «Ֆլորայի ձայնը Հայոց ցեղասպանության  բոլոր զոհերի եւ տուժածների  ձայնն է, պատմություն, որը հնարավոր չէ մոռանալ»,- ասել է Քեյ Մուրադյանը:

Լոս Անջելեսի Հանդուրժողականության թանգարանը Սիմոն Վիզանթելի կենտրոնի կրթական ճյուղերից է, որը ուսուցանում է մարդկային պատմությանը մինչ օրս ուղեկցող անհանդուժողականության եւ խտրականության մասին: «Պատմության կյանքին շունչ տալու համար անձնական պատմություն ունենալուց առավել հզոր միջոց գոյություն չունի: Մեզ համար մեծ պատիվ է կազմակերպել «Մորս ձայնը» ֆիլմի ցուցադրությունը Հանդուրժողականության թանգարանում` Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հատուկ ծրագրի ժամանակ»,- նշել է Լիբե Գեֆթը: