Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 26-ին Երեւանի պետական հումանիտար քոլեջում ուսանողների մասնակցությամբ կայացել է կանադացի սցենարի հեղինակ Լյուկ Բուլանժեի «Ժամանակավոր որբերը» պիեսի ֆրանսերեն ներկայացումը:
Ինչպես նշել է միջոցառման կազմակերպիչներից մեկը` ֆրանսերեն դասավանդող Հասմիկ Երեմյանը, Պետական հումանիտար քոլեջն առաջին անգամ է մասնակցում Երեւանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: «Այս առաջարկությունը մենք ստացել ենք Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունից: Պիեսն առաջին անգամ ցուցադրվել է ապրիլի 4-ին, իսկ ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիանա Տեր-Ստեփանյանի խնդրանքով, այն երկրորդ անգամ ցուցադրվել է այսօր»,-հայտարարել է Հասմիկ Երեմյանը` նշելով, որ միջոցառումը նվիրված է մեր երկրում Ֆրանկոֆոնիայի օրերի ավարտին:
Երեւանի Պետական հումանիտար քոլեջի տնօրեն Սերգեյ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին` ընդգծելով, որ նման նախաձեռնություններն օգնում են երկրում ֆրանսերենի զարգացմանն ու տարածմանը եւ անհրաժեշտ է համագործակցել նման միջոցառումների իրականացման հարցում նաեւ այլ եվրոպական լեզուներով:




























