Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող եգիպտոսցի լրագրողների խմբին:
Ա. Գեւորգյանը ողջունել է լրագրողների այցը Հայաստան` նշելով, որ նրանց պատրաստած հրապարկումները Եգիպտոսի բարեկամ ժողովրդին կօգնեն ավելի լավ ճանաչել Հայաստանը:
Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ տնտեսական կապերի զարգացման ուղղություններին, երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին:
Փոխվարչապետը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու ու խորացնելու Եգիպտոսի հետ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը եւ զարգացնելու առեւտրատնտեսական հարաբերությունները: Երկու բարեկամ երկրների միջեւ բավական ակտիվ երկխոսություն է առկա միջպետական մակարդակում, լուրջ եւ հետաքրքիր կապեր են ձեւավորվել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում, առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման ու խորացման լայն հեռանկարներ կան:
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում աշխատանքները կվերսկսի նաեւ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովը` իր գործունեությամբ նպաստելով առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:
Լրագրողների խնդրանքով Ա. Գեւորգյանն անդրադարձել է նաեւ ՀՀ կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, մարզերում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ պատասխանել նրանց հետաքրքրող այլ հարցերի:




























