Այսօր՝ ապրիլի 26-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոխորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համատեղ պատվիրակությանը, որը նույն օրն Արցախ է ժամանել  կարճատեւ ճանաչողական այցով։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության կազմում էին Եվրոխորհրդարանի պատգամավորներ Էվարդ Ստադլերը, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն եւ Գի Տեսսիեն, բելգիացի հայտնի հայագետ, պրոֆեսոր Բեռնար Կուլին։ Պատվիրակությանը Երեւանից ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ պատգամավոր Թեւան Պողոսյանը։ 

Գոհունակություն հայտնելով այցի առթիվ, ԱԺ նախագահն այն կարեւորել է որպես Արցախի ժողովրդի ազատությանը եւ անկախությանն աջակցության հերթական արտահայտություն։ «Մենք ուրախ ենք, որ Եվրոպայում ունենք հին ու նոր բարեկամներ եւ որ նրանց թիվը հարաճուն է, միեւնույն ժամանակ, երախտագիտության զգացում ենք ապրում, որ ապրիլի 24-ին, գտնվելով Երեւանում, ողջ հայ ժողովրդի հետ միասին գլուխ եք խոնարհել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջեւ»,-ասել է նա:

 Ջերմ բարեկամական մթնոլորտում անցած զրույցի առանցքային թեման խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացման խնդիրն էր։ Այդ համատեքստում առանձնապես կարեւորվել են պատգամավորական բարեկամության խմբերի դերակատարությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը։

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը, Ժաննա Գալստյանը եւ Արմեն Սարգսյանը։