Հայաստանի Կոմկուսը երկրի միակ քաղաքական ուժն է, որը բացահայտ հանդես է գալիս Եվրասիական, Մաքսային  միություններին Հայաստանի անդամակցության եւ միասնական տնտեսական տարածքի ստեղծման օգտին: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի երիտասարդական հարցերով քարտուղար Երջանիկ Ղազարյանը:

«Մենք դա անհրաժեշտ ենք համարում եւ վստահ ենք, որ ԵվրԱզԷսը թույլ կտա լուծել վերջին տասնամյակներում կուտակված շատ խնդիրներ: Այդ կազմակերպության անդամակցությունը թույլ կտա լուծել գործազրկության, միգրացիայի, աղքատության խնդիրները»,-վստահ է Կոմկուսի ներկայացուցիչը: Նրա խոսքով` ԵվրԱզԷս-ի շրջանակում համագործակցությունը կօգնի վերականգնել տնտեսական կապերը: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի համագործակցությունն առաջին հերթին Ռուսաստանի եւ մյուս հետխորհրդային երկրների հետ:

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, այս օրերին Երեւանում անցկացվում է  «Մեկ քայլ մոտ» առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը: Այն կազմակերպվել է ԱՊՀ երկրների Երիտասարդական միության նախաձեռնությամբ, որին մասնակցում են  պատվիրակություններ Հայաստանից, Ռուսաստանից,  Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Վրաստանից: