Ադրբեջանական կողմը հրաժարվել է աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման համաձայնեցված սկզբունքների վրա, նա պարզապես պատրաստ չէ ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները, որոնք հիմնված են կարգավորման երկար տարիների ջանքերի արդյունք հանդիսացող հիմնարար սկզբունքների վրա: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ այդ սկզբունքները հղկվել են երկու երկրների ԱԳ նախարարների եւ նախագահների մակարդակով բազմաթիվ հանդիպումների արդյունքում:

«Նախ ես կցանկանայի երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, ջանքեր է գործադրում ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Երբ փաստացի համաձայնեցված տեքստից հետո դու գալիս ես 10 նոր փոփոխություններով, ինչպես դա արեց ադրբեջանական կողմը Կազանի գագաթաժողովում, դա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է հակամարտության մյուս կողմերին, այլեւ միջնորդներին, Մինսկի խմբի համանախագահներին: Եւ դա առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Նման բան կրկնվել է նաեւ նախորդ հանդիպումներում»,-ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է ոչ միայն կարգավորման սկզբունքներից, նա մերժում է միջնորդների առաջարկությունները դիպուկահարների հետքաշման, հրադադարի ռեժիմի ամրապնդման, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ:

«Հաշվի առնելով Բաքվից հնչող սպառնալիքները, թշնամական ու ռազմաշունչ հռետորությունը եւ ոչ միայն հռետորությունը, այլեւ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումները, սադրանքները, երբ Ադրբեջանը հրապարակավ պատրաստվում է պատերազմի, ու դեռ գլուխ գովում դրանով, իրավիճակն իսկապես պարզ չէ: Թեեւ միջազգային հանրությունը, համանախագահող երկրների նախագահները բազմիցս նախազգուշացրել են ուժի կիրառման նոր փորձերի անընդունելիության, խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության մասին, Բաքվում մտածում են, որ կարող են ուշադրություն չդարձնել այդ կոչերին: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղ կարգավորման: Երեւի, հեշտ փողերը նրանց մոտ գլխապտույտ են առաջացրել: Նրանք կորցնում են իրականության զգացողությունը, եւ նոր արկածախնդրիր պլաններ են գծում, որոնք կարող են ծանր հետեւանքների հանգեցնել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ՝ առաջին հերթին, Ադրբեջանի համար»,-ասել է Նալբանդյանը:

Նա նաեւ նշել է, որ Բաքուն դասեր չի քաղել ոչ հեռու անցյալից, երբ չլսելով միջազգային հանրության կոչերը, հրաժարվելով կատարել

1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մեկը մյուսի հետեւից ընդունվող բանաձեւերը համառորեն չէր ուզում դադարեցնել իր իսկ սկսած ռազմական գործողությունները: Նալբանդյանի ներկայացմամբ՝Ադրբեջանի վրա այդ ժամանակ ազդեցին միայն խաղաղության պարտադրումը եւ ադրբեջանական կողմը ստիպված էր ղարաբաղցիներին խնդրել հրադադադար կնքել 1994-ի մայիսին: «Հայաստանը միջազգային հանրության հետ համատեղ կշարունակի անել ամեն ինչ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար, որովհետեւ ռազմական ուղին լուծում չէ»,-ամփոփել է Նալբանդյանը: