Վերջին 5 տարիներին ավելի քան 5 տասնյակ հանդիպում է կայացել Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ. Խորհրդանշական է, որ իր վերընտրվելուց հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր առաջին այցը կատարել է Ռուսաստան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Նման ինտենսիվ քաղաքական երկխոսությունը բնական է դաշնակից երկրների միջեւ: Բնական են նաեւ ակտիվ շփումները երկու երկրների ԱԳ նախարարների միջեւ եւ այն, որ վերանշանակումից հետո, Հայաստանի ԱԳ նախարարն իր առաջին այցելությունը կատարում է Ռուսաստան: Մենք Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք հարցերի ողջ շրջանակը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, իսկ այդպիսիք շատ են»,-ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել է ավելի քան 200 պայմանագրեր ու համաձայնագրեր, երկկողմ նորմատիվ իրավական բազան անընդհատ կատարելագործվում է:

Նալբանդյանը նաեւ նշել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների ծավալով Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է, Հայաստանում բոլոր օտարերկրյա ներդրումների 50 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: «Մեր երկրում ռուսական կապիտալով ավելի քան 1300 ձեռնարկություն է գործում: Հաջողությամբ զարգանում են տնտեսական հարաբերությունները, լավ համագործակցություն է ընթանում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, տրանսպորտը, էներգետիկան, այդ թվում ատոմային, տեղեկատվական տեխնոլոգիաները, լեռնահանքային արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ այլն»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Նա նաեւ ընդգծել է, որ արդյունավետորեն աշխատում են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը: Մենք զգալի ուշադրություն ենք դրաձնում միջտարածաշրջանային շփումների զարգացմանը: Այս աշխատանքներում ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը եւ ՌԴ ավելի քան 70 սուբյեկտներ:
Մենք մտադիր ենք այսուհետ եւս ջանքեր գործադրել՝ ուղղված արտաքին քաղաքական համակարգման արդյունավետության էլ ավելի բարձրացմանը: ԱԳ նախարարների հանդիպումը միշտ էլ կարծիքներ փոխանակելու, միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ քննարկելու նոր, լավ հնարավորություն է»,-ընդգծել է Նալբանդյանը:

Հայաստանը  իր անվտանգության հետ կապված հարցերը կապում է Ռուսաստանի հետ, սակայն միեւնույն ժամանակ շատ է խոսվում եվրոինտեգրման մասին, ապա ինչպես են այս երկու բեւեռները միահյուսվում հարցին ի պատասխան ասել է. «Երբ մենք ասում ենք, որ Ռուսաստանի հետ դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններ ունենք, դրանով ամեն բան ասված է: Այդ պատճառով արդարացված չէ մեր հարաբերությունները համեմատության մեջ դնելը: Մենք նպատակաուղղվածություն ունենք մեր դաշնակցային հարաբերություններն առավել ամրապնդելու: Մենք նաեւ ցանկանում ենք ընդլայնել համագործակցությունը այն բոլոր երկրների հետ, որոնք պատրաստակամ են փոխշահավետության հիմքով համագործակցել, ցանկանում ենք երկիրը ներգրավել միջազգային եւ տարածաշրջանային նախագծերում:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի նախագահը մարտի 14-ին Բրյուսելում ասել է, որ Եվրոպայի հետ մերձեցումը մեր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:  ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացումը բավականին դինամիկ է: « Մենք ավարտում ենք ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը, ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները: Ստորագրել ենք  մուտքի արտոնագրային ռեժիմի կարգի պարզեցման համաձայնագիր, ընդամենը օրերս ստորագրել ենք ռեադմիսիայի պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Եվ Հայաստանը, եւ Ռուսաստանը առանց բաժանարար  սահմանների միացյալ Եվրոպայի կառուցման հարցում ունեն ընդհանուր հետաքրքրություն: Այդ  պատճառով  երկու երկրների կողմից եվրոպական կառույցներին մոտենալու հարցում հակասություններ չեմ տեսնում:

Բոլոր պետությունների բարօրության եւ ներդաշնակ զարգացման համար հարկավոր է  երկխոսություն, փոխգործակցություն, այլ ոչ թե հակառակը, որն էլ հնարավորություն կնձեռի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ստեղծումը»,-ասել է Նալբանդյանը: