Նյու Յորքի ահաբեկչությունից 12 տարի անց շինհրապարակներից մեկում գտել են Համաշխարհային առեւտրային կենտրոնի երկվորյակ երկնաքերեր մխրճված ինքնաթիռի բեկորը։
Ինքնաթիռի շասիի 1,5 x 0,9 մետր չափերի բեկորը հայտնաբերվել է իսլամական մշակույթի կենտրոնի կառուցման համար հատկացված տարածքում՝ Համաշխարհային առեւտրային կենտրոնի գտնվելու վայրից երեք թաղամաս հեռու։
Թեեւ բեկորը ծածկված է ժանգի հաստ շերտով, նշմարվում է Boeing-ի նույնականացման համարը, հայտնել է Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի ներկայացուցիչ Փոլ Բրաունին։ Շասսիի հայտնաբերման վայրում լրացուցիչ որոնումներ կկազմակերպվեն, գրում է lenta.ru-ն։
Հիշեցնենք, 2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Կաիդայի» ահաբեկիչները չորս ուղեւորատար ինքնաթիռ էին առեւանգել, դրանցից երկուսով մխրճվել էին Մանհեթենի «երկվորյակ երկնաքերեր», երրորդն ընկել էր Պենտագոնի վրա, չորրորդը՝ Փենսիլվանիայում։ Ահաբեկչության հետեւանքով մոտ երեք հազար մարդ էր զոհվել, որոնցից 2,7 հազարը՝ երկվորյակ երկնաքերերում։
Նյու Յորքի ահաբեկչության Ground Zero անունով հայտնի վայրում ծավալային վերակառուցում է ընթանում, որը ներառում է նաեւ իսլամական մզկիթի եւ մշակույթի կենտրոնի կառուցում։




























