Բանգլադեշի ոստիկանությունը ձերբակալել է փլուզվող շենքի ներսում գտնվող ֆաբրիկաների տերերին:
Ոստիկանության հաղորդմամբ` ձերբակալված են New Wave Buttons եւ New Wave Style ֆաբրիկաների տնօրենների խորհդի ղեկավար Բազուլուս Սամադը եւ ֆաբրիկաներից մեկի տնօրեն Մախմուդ Ռախաման Տապաշը:
Ձերբակալվածներին մարդկանց մահվան պատճառ դարձած հանցավոր անփութության համար մեղադրանք է ներկայացվել: Հավանաբար հենց ֆաբրիկաների ղեկավարներն են ստիպել մարդկանց շինություն վերադառնալ, որի պատին արդեն ճեղքեր էին գոյացել, գրում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին երկրի մայրաքաղաք Դակկայի արվարձանում գտնվող շինություն է փլուզվել, որտեղ հագուստի կարի ֆաբրիկաներ, բանկ եւ բազմաթիվ խանութներ են տեղակայված եղել: Ինչպես հաղորդվում է, նախօրեին շենքի պատի վրա ճեղք է հայտնաբերվել, եւ մարդկանց խորհուրդ են տվել գործի դուրս չգալ, սակայն նրանք, այնուամենայնիվ, եկել են ֆաբրիկա: Վերջին տվյալների համաձայն` ողբերգության զոհ են դարձել 323 մարդ: Փրկարարներին հաջողվել է դուրս բերել 2348 մարդ փլատակների տակից: 650 մարդուց ավելի անհայտ կորած են համարվում:




























