Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը արտակարգ նիստ է գումարել՝ կապված 49 ներկա ու նախկին զինվորականների ձերբակալման հետ, որոնք մեղադրվում են հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Այս նիստին մասնակցել են բանակի բոլոր գեներալներն ու ծովակալները:
NEWS.am-ը հիշեցնում է, որ փետրվարի 22-ին ձերբակալվել է ընդհանուր առմամբ 49 բարձրաստիճան զինվորական, որոնց թվում են 21 գեներալ եւ 27 բարձրաստիճան սպաներ։
Նշենք, որ թուրքական Taraf-ի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։
Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա իջեցնել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։




























