Երեւանի քաղաքապետարանը պարզաբանել է «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված «Վերահսկիչ պալատը Երեւանի քաղաքապետարանում չարաշահումներ է հայտնաբերել» տեղեկատվությունը:
Քաղաքապետարանի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Երեւանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ոչ թե չարաշահումներ, ինչպես նշված է նյութում, այլ թերություններ, որոնք կարող են ի հայտ գալ ցանկացած մեծածավալ աշխատանքում: Մասնավորապես շինարարությանն ու հիմնանորոգման աշխատանքներին առնչվող դեպքերի պարագայում այդ թերությունները ի հայտ են եկել աշխատանքների կատարման ընթացքում եւ աշխատանքների ավարտի պահին, ինչի արդյունքում իրականացվել են շտկումներ, ինչպես նաեւ հստակ կատարվել են դեռեւս չիրականացված ծավալները։
Ինչ վերաբերվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն կողմից Եռաբլուրի անտառ-պուրակի Իսակովի պողոտային հարող լանջում իրականացված կանաչ տարածքի հիմնման աշխատանքներին, ապա այն չի կարող որակվել որպես չարաշահում, քանի որ անտառ-պուրակի հիմնման արդյունքում ծառերի չորանալու փաստն արձանագրելով` Երեւանի քաղաքապետարանը այդ աշխատանքների համար որեւէ լումա չի փոխանցել ընկերությանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, Երեւանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել:
«Այս մասին մեզ հայտնի դարձավ ամիսներ առաջ ՎՊ-ին ուղարկված գրավոր հարցման պատասխանից: «Ժողովուրդ»-ին տրամադրված փաստաթղթում նշված է, որ ստուգվել են քաղաքապետարանի ուժերով իրականացված 22 օբյեկտների շինարարության եւ հիմնանորոգման աշխատանքները, եւ պարզվել է, որ 510 մլն 340 հազար դրամից 8,2 մլն-ն հավելագրվել է, իսկ 24,8 մլն դրամի անորակ շինարարություն իրականացվել: Քաղաքապետարանի կողմից հիմնադրված «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն էլ Եռաբլուր անտառ-պուրակի՝ Իսակովի պողոտային հարող լանջում իրականացրել է կանաչ տարածքի հիմնման աշխատանքներ:
ՎՊ ուսումնասիրությունից պարզվել է, որ թեեւ պայմանագրով նախատեսված եւ ընդունման ակտով սահմանված աշխատանքները կատարվել են, բայց արդյունքում նշված տարածքում որեւէ ծառ չկա: Սակայն չեղած ծառերի մասով բացահայտվել է 10 մլն դրամի չարաշահում»,- գրել է թերթը:




























