Ամբերդի հատվածում կառուցված ՀԷԿ-ից Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մասնաբաժին չունի ինչպես դժգոհում են բնակիչները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: «Անհնար բան է դա: Բացառվում է: Ազգականներ էլ չունեմ, որ մասնաբաժին ունենան այդ գործում»,- ասաց մարզպետը:

Անդրադառնալով ուջանցիների բողոքի ակցիային, որով վերջիններս պահանջում են դադարեցնել ՀԷԿ-ի աշխատանքները, քանի որ իրենք զրկվում են խմելու եւ ոռոգման ջրից, մարզպետն ասաց, որ ՀԷԿ-ի գործունեությունը հնարավոր չէ դադարեցնել, բայց խնդրին լուծում կտան: «ՀԷԿ-ը 4-5 տարի է ինչ կառուցված է, սակայն իմ համար կարեւորը գյուղացին է: Առաջինը գյուղացու հողը պետք է ջրվի, նոր՝ մնացածի: Իմ տեղակալը եւ գյուղվարչության պետը խոսել են բնակիչների հետ եւ այդ խնդիրը արդեն կարելի է լրիվ կարգավորված համարել, քանի որ առաջնահերթ գյուղացու հողն է ջրվելու, նոր ջուրը օգտագործվելու է մյուս աշխատանքներում»,- փոխանցեց մարզպետը՝ հավելելով, որ ՀԷԿ-ի սեփականատերերից միայն պարսկահայ Թավրիզ անունով մի տղայի է ճանաչում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գյուղի հարյուրավոր բնակիչներ ապրիլի 30-ին, մեքենաներով եւ մետաղի ջարդոններով փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը եւ պահանջում են դադարեցնել Համբերդի հատվածում ՀԷԿ-ի շինարարությունը: Նրանք ջրի հսկայական խողովակներ են դրել փողոցում, որպեսզի երթեւեկությունը տվյալ հատվածում դադարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էին բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք դժգոհել են, որ պարսիկների կողմից կառուցվող ՀԷԿ-ի պատճառով իրենք զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից օգտվելու հնարավորությունից: Տեւական ժամանակ երթեւեկությունը դադարեցվել է, սակայն իրավապահների հետ բանակցություններից հետո, նրանք բացել են ճանապարհը: Ուջանցիները զգուշացրել են, որ եթե խնդրին լուծում չտրվի, գալու են կառավարության շենքի մոտ եւ ընդհուպ ինքնահրկիզման են դիմելու: