Շրջանառության հարկը շատ է օգնել մանր բիզնեսին: Այս մասին, այսօր` մայիսի 1-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Իհարկե դրա դրույքը կարելի է նվազեցնել, եւ այս հարցը մենք պնդելու ենք, բայց կարծում եմ, որ գործող 3,5%-ը մանր արտադրողների համար միանգամայն ձեռնտու է»,- հայտարարել է Գագիկ Մակարյանը:
Որպես մեկ այլ շահավետ քայլ նա նշել է պետության` վարկավորման մեջ ներգրավելու փորձերը, ինչպես նաեւ արտահանվող արտադրողական սարքավորումների վրա ԱԱՀ-ի վճարման հետաձգումը: «Ընդհանրապես` մանր բիզնեսի զարգացման համար ամենալավ միջոցը պետական ստուգումների առավելագույն կրճատումն ու զարգացման համար ազատությունն է: Այս դեպքում մանր բիզնեսը կարող է ընդլայնվել եւ պետության համար ավելի շատ արժեքներ ստեղծել»,- հայտարարել է Գ. Մակարյանը:
Հիշեցնենք, որ շրջանառության հարկն ուժի մեջ է մտել 2013 թվականի հունվարի 1-ին եւ գործում է տնտեսվարող անհատների համար, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 58,35 մլն դրամը (նախկինում ԱԱՀ-ից ազատվելու շեմ): Շրջանառության հարկը փոխարինել է եկամտի հարկին: Արտադրողական եւ առեւտրական ձեռնարկատիրությունների համար դրույքը կազմում է 3,5%:




























