Հայաստանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտահանման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 49,2 մլն դոլարով կամ 16,9%-ով: Երկնիշ աճն, իհարկե, ուրախալի փաստ է:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած անվանացանկում առկա է արտահանվող 585 ապրանքատեսակ, որնցից առանձնացված է 37 մաքսային առավել մեծ արժեք ունեցող ապրանքատեսակ: Առաջին եռամսյակի տվյալներով` նշված 37 «խոշորների» ծավալն ընդհանուր արտահանման մեջ կազմել է 86,1%:
Այդ փաստի հետ կարելի է հաշտվել, եթե մնացած 548 ապրանքատեսակների արտահանումը նույնպես աճեր: Սակայն, որքան էլ «տարօրինակ» է, «մնացած» ապրանքների արտահանումը տարվա ընթցքում նվազել է 16,8 մլն դոլարով կամ 41,6%-ով
Հենց «խոշորների» խմբում եւս անհամաչափություն կա: Այսպես, ավանդաբար առաջին տեղն զբաղեցնող «հանքահումքի եւ պղնձի խտանյութի» արտահանման ծավալը հասել է 18,4% -ի ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17,6%-ի փոխարեն:
«Խոշորներից» երկրորդ տեղում են թունդ սպիրտային խմիչքները, հիմնականում կոնյակը, որի արտահանման ծավալը կազմել է 11,3%: Հարկ է նշել, որ տարվա ընթացում արտահանման ֆիզիական ծավալը նվազել է 1,7%-ով, սակայն մաքսային միջին գնի աճի շնորհիվ ցուցանիշն աճել է 10,7%-ով:
Հուսադրող է տեղաշարժը մանր եղջրավոր անասունների արտահանման հարցում: Առաջին եռամսյակում արտահանվել է 19 հազ. կենդանի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուացանիշը գերազանցելով ավելի քան 47 անգամ:
Հայրենական արտադրության ծխախոտի արահաումը նույնպես աճել է` արտահանվել է 1,9 մլրդ հատ սիգարենտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 5,0 անգամ:
Չնայած Հայաստանում սուրճ չի աճեցվում, այն նշվում է արտահանվող «խոշոր» ապրանքների թվում` զբաղեցնելով 30-րդ տեղը: Խոսքը, ըստ ամենայնի, մեր երկրում վերամշակված սուրճի մասին է: Ամեն դեպքում, այս տարվա առաջին եռամսյակում արտահանվել է 248,4 տոննա սուրճ, ինչը 12,2%-ով պակաս է անցած տարվա ցուցանիշից:
Ալբերտ Խաչատրյան




























