Հայաստանի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2012 թ. ընթացքում հանրապետությունում բարեգործական եւ մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային եւ հանրապետական 125 կազմակերպություններ: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրած տեղեկանքում:
Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր աթոռ սուրբ Էջմիածինը` 2.67 մլրդ դրամ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը՝ 1.38 մլրդ դրամ, «Տիրամայն Հայաստանի կուսաստան» բարեգործական կազմակերպությունը՝ 1.31 մլրդ դրամ, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարա¬կական կազմակերպությունը՝ 1.26 մլրդ դրամ, «Սուրբ Քամիլլո» բարեգործական հիմնադրամը՝ 1.2 մլրդ դրամ եւ այլ ճանաչված կազմակերպություններ («Հայաստան» համահայկական հիմնադրամ, «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամ, «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանաց միություն, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ, Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպություն եւ այլն):
2012 թ. ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում 43 երկրից հանրապետություն են ներմուծվել 23.36 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ՝ 118 կազմակերպության հասցեով:
Ըստ մաքսային արժեքի՝ ներմուծված բեռների շուրջ 41.48 %-ը առողջապահության բնագավառի բեռներ են, այդ թվում՝ դեղորայք՝ 6.65 մլրդ դրամ մաքսային արժեքով, բժշկական սարքավորումներ եւ պարագաներ՝ 3.04 մլրդ դրամ մաքսային արժեքով:
Բեռների 36.89 %-ը ներմուծվել է ԱՄՆ-ից, 25.48 %-ը՝ Չինաստանից, 7.69 %-ը՝ Շվեյցարիայից, 3.56 %-ը՝ Ֆրանսիայից եւ 3.56 %-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններից:




























