Հայաստանի կառավարությունն այժմ մեթոդներ է մշակում գազի եւ ջրի սակագնի բարձրացման հետեւանքները մեղմելու ուղղությամբ։ Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս միջոցառումների փաթեթը կուղարկվի նախագահին եւ կներկայացվի հանրությանը։ Նրա խոսքով, մշակված միջոցառումների թիրախում են հասարակության անապահով շերտերը, ում վրա թանկացումներն ամենաշատը կանդրադառնան։ «Կառավարությունը անապահով խավերի համար փոխհատուցման միջոցներ կգտնի»,- խոստացել է վարչապետը։
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն իր հերթին ավելացրել է, որ կառավարությունը մշտապես մանրամասնորեն քննարկում է սակագների բարձրացման հայտերը, եւ եթե դրանք անհիմն է գտնում, մերժում է։ Նա նաեւ ընդգծել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կներդնի առավելագույն ջանքերը՝ գների աճը կանխելու համար։ Նախարարը նշել է, որ հաճախ գների բարձրացումն արդարացված է լինում։ «Ինչ վերաբերում է գազի գնին, ապա այն պայմանավորված է Հայաստան գազի ներկրման գնի բարձրացման հետ»,- նկատել է նախարարը։
Նշենք, որ փետրվարի 26-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կկայացնի ապրիլի 1-ից բնակչության համար գազի սակագնի 40 տոկոս, իսկ տնտեսվարող սուբյեկտների համար 17 տոկոս հնարավոր բարձրացման մասին։




























