Երեք կանանց առեւանգած Օհայոյի բնակիչ Արիել Կաստրոյին մարդկանց առեւանգման եւ բռնաբարության մեղադրանքներ են ներկայացվել: Հիշեցնենք, որ չարագործն իր պատանդներին ավելի քան 10 տարի պահել էր Քլիվլենդ քաղաքի իր տանը: Նրա հետ ձերբակալվել են նաեւ եղբայրները` Պեդրոն եւ Օնիլը, սակայն վերջիններիս մեղադրանքներ չեն ներկայացվել: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք չեն մասնակցել Արիելի հանցանքներին, հայտնում է Associated Press-ը:
Ներկայումս առեւանգված կանանցից երկուսը` Ամանդա Բերրին եւ Ջինա Դեհեսուսը, իրենց ընտանիքների հետ են: Միշել Նայթը հիվանդանոցում է: Դուրս է գրվել նաեւ Ամանդա Բերրիի դուստրը` վեցամյա Ջոսելինը, հայտնում է rbc-ն:
ՆՏՎ-ն հայտնում է, որ Արիելի առեւանգած երեք աղջիկն էլ 10 տարվա գերության ընթացքում փողոց են դուրս եկել ընդամենը երկու անգամ: Նրանց միշտ տանն են պահել:
Հիշեցնենք, նախկինում հաղորդվել էր, որ դպրոցական ավտոբուսի վարորդը կանանց գերության մեջ էր պահել ճոպանների եւ շղթաների միջոցով` նրանց մշտապես ենթարկելով կտտանքների եւ սեռական բռնության:
Այդ ողջ ընթացքում աղջիկներին առանձին են պահել, սակայն նրանք իմացել են միմյանց գոյության մասին եւ օգնել «չհուսահատվել»։
Հայտնի է, որ Արիել Կաստրոն ունի մեծ տղա եւ աղջիկ` Էնթոնին եւ Էմիլին: Վերջինս բանտում է. նրան 25 տարվա ազատազրկման են դատապարտել`իր 11 ամսական աղջկա կոկորդը կտրելու փորձի համար:
Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբում առեւանգված կանայք հայտնաբերվել էին 2013թ. մայիսի 6-ին:




























