Քլիվլենդի առեւանգիչ Արիել Կաստրոն, որը 10 տարի բռնությամբ իր տանը գերի էր պահել երեք կանանց, ընդունել է  մեղքը, հայտնում է  CNN-ը: Թե ինչ է խոստովանել 52-ամյա Կաստրոն, չի հստակեցվում: 

Հեռուստաալիքը նշում է, որ Կաստրոյի հանցագործությունների ցանկը կարող է համալրվել նաեւ սպանության մեղադրանքներով: Կաստրոն առնվազն հինգ անգամ ընդհատել է աղջիկներից մեկի հղիությունը` նրան ծեծելով եւ սովի մատնելով: Եթե Կաստրոյի մեղքն ապացուցվի, նրան մահապատիժ է սպառնում, գրում է gazeta.ru-ն:

CBS News-ինվկայակոչելով`  rbc-ն հայտնում է, որ Արիել Կաստրոն զղջման նամակ է գրել, որում խոստովանել է կատարած հանցագործությունրը: Նամակը հայտնաբերվել էր նրա տանը: Քննիչները կարծում են, որ այն մահվանից առաջ թողած գրություն է հիշեցնում:

Ուժայինները ենթադրել են, որ Կաստրոն ինքնասպանության մասին է մտածել, այդ պատճառով էլ միջնորդել էին, որպեսզի կասկածյալին կալանավորեն: Դատարանը Կաստրոյի համար 8 միլիոն դոլար գրավ է նշանակել. դատարանի այդ պահանջի կատարումն անիրատեսական է հանցագործի համար, եւ նա կալանքի տակ է մնացել:   

ՆՏՎ-ն նշում է, որ գրությունը գրված էր դեռ 2004թ.:  Այնտեղ հանցագործը պատմում է իր կյանքի ցնցող մանրամասներ: Կաստրոն գրում է, որ մանուկ հասակում իրեն ծաղրել են ծնողները, իսկ հարազատ քեռին սեռական բռնության  է ենթարկել: Մոլագարը նաեւ մանրամասն նկարագրել է, թե ինչպես է առեւանգել 2000-ականների սկզբին անհետացած իր երեք զոհերին:

Ամանդա Բերրին, Ջինա Դեհեսուսը եւ Միշել Նայթը անհետացել էին 2002-2004թթ. ընթացքում: Նրանց ազատել էին օրերս` դպրոցական ավտոբուսի վարորդի տնից: