Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կասկածներ ունի, որ նոր կորոնավիրուսը, այնուամենայնիվ, մարդուց մարդուն փոխանցվում է: Այս մասին հայտարարվել է մայիսի 12-ին Սաուդյան Արաբիայում բժիշկ-փորձագետների մամուլի ասուլիսի ընթացքում: Հենց Սաուդյան Արաբիայի բնակիչներն են դարձել նոր վարակի առաջին զոհերը, գրում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել էր 2012թ. մայիսի կեսերին: Խոսքը համաճարակի հատուկ տեսակի մասին է: Տեսակետ կա, որ այն կարող է դառնալ տարատեսակ հիվանդությունների առաջացման պատճառ` սկսած հարբուխից մինչեւ ատիպիկ թոքաբորբ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` աշխարհում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 34 դեպք: Գրանցվել է մահացու ելքով 18 դեպք, որոնցից 11-ը` Սաուդյան Արաբիայում, ընդ որում, միայն մայիսի առաջին շաբաթվա ընթացքում: Վարակվածության դեպքեր են հայտնաբերվել նաեւ Հորդանանում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում:




























