ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել ուղերձով՝ Հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջազգային համաժողովին: Նրա ուղերձը ներկայացրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար` Նավի Փիլեյը, որում ասվում է.

«Ես ուրախ եմ ողջունելու այս առաջին միջազգային համաժողովը, որ կազմակերպվել է Նիդեռլանդների կառավարության կողմից` նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Ձերդ Գերազանցություն Նիդեռլանդների թագուհի Մաքսիմային այս կարեւոր իրադարձությանը աջակցելու համար:

Հոմոֆոբիայի դեմ պայքարը մարդու իրավունքներ բոլորի համար գաղափարի առավել ծավալուն մարտի առանցքային մասն է: Այն` ռասիզմը վերացնելու եւ գենդերային հավասարությունը խթանելու ՄԱԿ-ի վաղեմի աշխատանքի մասն է կազմում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ազատ եւ հավասար աշխարհ է խոստանում, եւ մենք միմիայն կհարգենք այդ խոստումը, եթե յուրաքանչյուր ոք, առանց բացառության, ունենա պաշտպանությունը, որին արժանի է: 

Սերունդներ շարունակ լեզբուհիները, գեյերը, երկսեռականներն ու տրանսգենդերները` (ԼԳԲՏ), բոլոր տարածաշրջաններում ենթարկվել են սարսափելի բռնության իրենց սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության պատճառով: Նրանք արժանացել են արհամարհանքի, ծաղրանքի եւ խտրականության: Նրանց ստիպել են զգալ ամեն բան, բացի ազատությունից եւ հավասարությունից:

Շատ երկար ժամանակ նրանց տառապանքը իշխանությունների կողմից լռության է արժանացել: Որպես Գլխավոր քարտուղար` ես վճռականությամբ լի բարձրաձայնում եմ: Շատ նվիրյալ գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք ընդարձակել այս պայքարը եւ ավելի մեծ ուշադրություն հրավիրել` մեր մարդկային ընտանիքի ԼԳԲՏ անդամներին սպառնացող մարտահրավերների վրա: Ես բարձր եմ գնահատում բոլոր նրանց, ովքեր աջակցում են այս ջանքերին եւ կոչ են անում այլոց եւս ներգրավվել:

Մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ անել: ԼԳԲՏ անձանց քրեականացնող եւ պատժի ենթարկող դրակոնյան օրենքները պետք է փոխարինվեն նորերով, որոնք ներդաշնակության մեջ կլինեն մարդու իրավունքների հանընդհանուր կոնվենցիաների հետ եւ կպաշտպանեն յուրաքանչյուրին խտրականությունից` սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքի վրա: Հանրային կրթությունը եւս կարեւոր է բացասական կարծրատիպերին մարտահրավեր նետելու եւ ավելի խոր հասկացողություններ խթանելու գործում:

Հոմոֆոբիային վերջ դնելը անձնական անվտանգության, արժանապատվության եւ անթիվ անհատների համար անգամ փրկության հարց է: Այն նաեւ երկարաժամկետ ձգտում է, ձգտում, որ, հավատացած եմ, էական նշանակություն ունի ՄԱԿ-ի առաքելության գործում:

Շնորհակալ եմ այս գործին ձեր նվիրվածության համար եւ մաղթում եմ բեղմնավոր քննարկումներ առաջիկա օրերին: Մեր խորը համոզմամբ, եկե՛ք շարունակենք աշխատել աշխարհի համար, որտեղ իշխում են իրական ազատությունն ու հավասարությունը: