Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի «Կոմիտասը` հոգեւոր ապահովության գրավական» խորագրով համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը:

Նախագծի նպատակն է հանրությանը ներկայացնել Կոմիտասի ժառանգությունը, որպես հայ  ժողովրդի ինքնությունը բացահայտող հայոց պատմության յուրօրինակ սեղմագիր:

Նախագծի հեղինակն է «Կանթեղ» համույթի գեղարվեստական ղեկավար, ՌԴ արվեստի բնագավառում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր Արփինե Կալինինան: Համերգային ծրագրին մասնակցում են «Կանթեղ» համույթի մենակատարներ Իշխան Հարությունյանը /սաքսոֆոն/ եւ Արփինե Կալինինան /դաշնամուր/:

Ծրագրում ներառված են Կոմիտասի մեներգերի փոխադրությունները սաքսոֆոնի եւ դաշնամուրի համար, կոմիտասյան մեղեդիները՝ Արփինե Կալինինայի դաշնամուրային յուրովի մեկնաբանությամբ: Երաժշտական դադարների ընթացքում կներկայացվեն մեներգերի բանաստեղծականտեքստերի ընթերցումներ եւ դասախոսություններ: