Հայաստանում հաջողությամբ է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը. բոլոր մակարդակներում քաղաքական բավականաչափ կամք կա բնակչությանը եւ, առաջին հերթին, երեխաներին ու դեռահասներին վարակիչ հիվանդություններից զերծ պահելու գործում համակարգված ձեւով համագործակցելու։ Այս մասին նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ մանկական հիմանդրամի եւ պատվաստումների ու պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) համատեղ խմբի կողմից վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։

Ըստ այդմ, հաջողությամբ ներդվել եւ իրականացվում է 11 հիվանդության կանխարգելման ծրագիր, երկիրը մնում է պոլիոմիելիտից ազատ գոտի, հարեւան երկրներում կարմրուկի բռնկման պարագայում Հայաստանում այդ հիվանդության դեպք չի արձանագրվել։ Երկիր է ներկրվում որակյալ պատվաստանյութ` գնումների ամենաարդյունավետ ճանապարհով։

Համատեղ գնահատման նպատակն է վերլուծել ԳԱՎԻ օժանդակությունը կորցնելուց հետո Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի շարունակականության ապահովման իրավիճակը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի հետ հանդիպման ժամանակ նշվել են նաեւ սպասվելիք մարտահրավերները։ Բանն այն է, որ մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, 2016 թվականից այլեւս չեն օգտվի ԳԱՎԻ օժանդակությունից: Նշենք, որ մինչ հիմա ԳԱՎԻ աջակցությամբ պետությունը շուկայականից զգալի ցածր գներով ձեռք է բերում բարձր որակի պատվաստանյութեր։ Որպեսզի անցումային փուլը հարթ լինի,  ԳԱՎԻ օժանդակությունը կորցրած երկրները 2012-2016թթ. ժամանակահատվածում պետք է աստիճանաբար ավելացնեն երկրի կողմից համավճարները, իսկ 2016 թվականին՝ ամբողջովին վճարեն պատվաստանյութերի շուկայական արժեքը: Այդ ընթացքում երկրները  պետք է գնահատեն ԳԱՎԻ օժանդակությունից զրկվելու հետ կապված հնարավոր խնդիրներն ու մարտահրավերները եւ միջոցներ ձեռնարկեն դրանց կանխման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տեսչական բարեփոխումները շարունակելու, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական  կենտրոնի կարողությունները հզորացնելու, հանրային իրազեկումը շարունակելու, կադրերի պատրաստման եւ այլ հարցեր։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը տեղեկացրել է, որ համատեղ առաքելության կողմից ներկայացված գնահատականների ու առաջարկությունների հիման վրա կմշակվի եւ երկրին կներկայացվի միջոցառումների անցումային պլան:

Նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը  շնորհակալություն է հայտնել ինչպես ցուցաբերվող աջակցության, այնպես էլ կարճ ժամանակում կատարված մեծ աշխատանքի համար։

«Համատեղ ուսումնասիրության արդյունքների նախնական գնահատականներն ուրախացնող են։ Մանավանդ, որ Հայաստանի դրական փորձը, որպես օրինակ է բերվում այլ երկրներում։ Այդ հաջողություններն արձանագրել ենք միջազգային կառույցների աջակցությամբ։ Մեր փոքր երկիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում իր կարողություններն ու միջոցները փորձում է այնպես բաշխել, որ կարողանանք պահպանել ձեռք բերածը։ Այդ իսկ պատճառով մեր խնդրանքն ու մտահոգությունն եմ ուզում հայտնել. հնարավորինս երկարացնել աջակցությունը, որպեսզի կարողանանք անցումային այս շրջանում պատվով դուրս գալ»,-ասել է Հայկ Դարբինյանը։

Նա նաեւ վստահեցրել է, որ հիվանդացության, հաշմանդամության եւ մահացության կանխարգելմանը միտված ամենածախսարդյունավետ այս ծրագրի կատարումը բոլոր պարագաներում Հայաստանում կգնահատվի որպես գերակայություն։ 

ԱՀԿ ներկայացուցիչը խոստացել է փոխնախարարի մտահոգությունը ներկայացնել  միջազգային կառույցներին։