Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 18-ին,  տեղի է ունեցել Ջրի Եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի նիստի փակման արարողությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտի Հայաստանի համակարգող Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացրել երիտասարդական պառլամենտի անդամները մեկ շաբաթվա ընթացքում: Նախագահ Ֆիլիպ Հանդերսոնը շնորհակալություն հայտնելով երիտասարդ խորհրդարանականներին` կարեւորել է նրանց աշխատանքը ջրի հիմնախնդիրների ուսումնասիրման ոլորտում: Փոխնախագահներ Դիմկա Դելչեւան եւ Աննա Կալաշովան շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին՝ նշելով, որ լինելով Հայաստանում, հնարավորություն ստացան ավելի խորը ուսումնասիրելու ջրի հիմնախնդիրները: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում այցելել են Հայաստանի տեսարժան վայրերը, ծանոթացել նոր մարդկանց հետ եւ համոզվել, որ համատեղ աշխատանքի դեպքում անլուծելի խնդիրներ չկան: Այնուհետեւ ձեւավորված հանձնաժողովը ներկայացրել է հռչակագիրը, որը հաստատվել է ձայների մեծամասնությամբ: Երիտասարդ խորհրդարանականները նշել են, որ Երեւանում եւ Սեւանում քննարկել են ջրի հիմնախնդիրներին վերաբերող բազմաթիվ հարցեր: Նրանք շնորհակալություն են հայտնել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին խորհրդարանի աշխատանքներին աջակցելու համար:

Մասնակից 15 երկրների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկները ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը Ջրի երիտասարդական պառլամենտի հայկական պատվիրակությունից ստանալով ընդունված հռչակագիրը՝ վսահեցրել է, որ հայկական կողմն այն իրագործելու է ամբողջությամբ:

Ժյուրիի կողմից մրցանակներ են հանձնվել տեսաերիզների եւ լուսանկարների մրցույթներում հաղթողներին, նաեւ բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն եւ ՍԱՈՒՂ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը շնորհակալություն է հայտնել խորհրդարանի ղեկավարությանը հյուրընկալության համար, նշել է, որ այս աջակցությունը վկայում է ջրի հիմնահարցի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ուշադրության մասին:

Սպառելով մեկշաբաթյա ծրագրի օրակարգը՝ Ջրի եվրոպական երիտասարդական 11-րդ պառլամենտը ավարտել է աշխատանքը: