«Տոնուս քոնսթրաքշնս» շինարարական կազմակերպության կողմից գցված տասնյակ քաղաքացիներ «Վերադարձեք մեր բնակարանները» պաստառով այս պահին Ֆինանսների նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում (ֆոտոռեպորտաժ): Նրանք պահանջում են իրենց բնակարաններն այդ ընկերությունից, սակայն այդ բնակարանները «Արցախ բանկը» վերցրել է «Տոնուս քոնսթրաքշնսի» վարկը չմարելու արդյունքում: Բողոքի ցույցի մասնակիցները սպասում են, որ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունի իրենց:

Ավելի ուշ նախարարի փոխարեն Ֆինանսների նախարարության շենքից դուրս եկավ փոխնախարար Վարդան Արամյանը: Նա տեղեկացրեց, որ նախարարը Ազգային ժողովում է, բայց բնակիչների բարձրացրած խնդիրները անպայման կփոխանցի նրան: Դրանից հետո բնակիչներին է մոտեցել նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը, եւ ցուցարարներից մի քանիսը այժմ նրա հետ նախարարության շենքի ներսում քննարկում են խնդիրը:

Հիշեցնենք, որ «Տոնուս քոնսթրաքշնս» շինարարական կազմակերպության եւ «Արցախ բանկի» միջեւ առկա խնդիրների պատճառով քաղաքացիները չեն կարողանում մուտք գործել օրինական ճանապարհով գնած իրենց բնակարանները: Մոտ 2 տասնյակ քաղաքացիներ մայիսի 16-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի առջեւ:  «Տոնուս քոնսթրաքշնս» ընկերությունը մի կողմից վաճառել է բնակարանները, մյուս կողմից՝ դրանք գրավադրել «Արցախ բանկում»: Ներկայում բանկը գրավի դիմաց փաստացի տիրացել է շենքին ու բնակիչներին թույլ չի տալիս մուտք գործել այնտեղ; Սա այն դեպքում, որ բնակիչներն ունեն նոտարով կնքված վաճառքի օրինական պայմանագրեր, ու տարիներ շարունակ կանոնավոր վճարել են բնակարանի արժեքը:

Նշենք, որ ընկերությունը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանինն է:

Իր հերթին «Արցախբանկը» հայտարարություն է տարածել, նշելով, որ բանկը որեւէ կերպ չէր կարող տեղյակ լինել դեռ չկառուցված բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի ու վճարումների մասին:

«Արցախբանկ» ՓԲ ընկերությունը որեւէ մեկնաբանություն չունի` «Տոնուս» ՍՊ ընկերության եւ նրա գնորդների միջեւ կնքված նախնական պայմանագրերի առնչությամբ, քանի որ դրանք Բանկին չեն վերաբերվում»,-ասված է բանկի հայտարարությունում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am