Ազգային ժողովում այսօր` մայիսի 20-ին, քվեարկության դրվեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը. 47 կողմ, 58 դեմ եւ 2 ձեռնպահ  քվեարկությամբ ՀԱԿ առաջարկը մերժվեց: Հանձնաժողով ստեղծելու նախագծին դեմ քվեարկեց միայն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի պատգամավորները, իսկ մնացած խմբակցությունները, այդ թվում ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, կողմ քվեարկեցին դրան:

Նախքան քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ «որոշակի խնդիրներ կան»: ՀԱԿ խմբակցությունից Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ իշխանություններն օրինագծի վերաբերյալ ներկայացրել են 7 առաջարկություն, որից «վեց ու կեսն» ընդունել են: Չի ընդունվել միայն այն առաջարկությունը, որ հանձնաժողովի աշխատանքներին չպետք է հրավիրվեն քննիչները եւ օպերատիվ աշխատողները:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարել է, որ իրենք սա գնահատում են որպես ՀՀԿ-ի կողմից խոստումից հրաժարում: Նրա խոսքով՝ այս քվեարկությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն է պատասխանատու մարտի 1-ի համար:

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը չի փոշմանել մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրելով նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուց:

Հիշեցնենք, որ  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  մարտի 15-ին կայացած նիստում միաձայն ընդունվել է մարտի 1-ի դեպքերի ուսումնաասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:  Նախապես քաղաքական պայմանավորվածություն է եղել, որ նախագահական ընտրություններից հետո այն կմտնի հանձնաժողով նիստ, եւ ըստ այդմ` հանձնաժողովի անդամները միաձայն դրական եզրակացություն են տվել: Համաձայն որոշման նախագծի` մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 հոգուց, որոնցից 2-ը կլինեն ՀՀԿ-ի պատգամավորները, իսկ մյուս խմբակցություններից` մեկական ներկայացուցիչ:  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կողմերին մինչեւ հաջորդ քառօրյա նախագծի հեղինակների` ՀԱԿ-ի հետ քննարկել բոլոր առաջարկները եւ ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի հանձնաժողովը ստեղծվի: