Երեւան-Հոկտեմբերյան ճանապարհը փակած Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչների է այցելել Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ Արմեն Գեւորգյանը առաջարկեց գյուղացիներից մի քանի հոգի գնան եւ քննարկեն խնդիրը Արմավիրի մարզպետարանում, բայց նրանք անդրդվելի էին: Գյուղացիները չհամաձայնեցին գնալ մարզպետարան, կրկնեցին իրենց պահանջը, որ ցանկանում են անձամբ տեսնել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այժմ Արմեն Գեւորգյանը վերադարձել է Երեւան, իսկ գյուղնախարարը Արմավիրի մարզպետարանում է, քննարկում են գյուղացիների վնասված բերքի հարցը: Գյուղապետը նշեց, որ անկառավարելի վիճակ է, ժողովուրդը ոչ մեկին չի լսում, միայն պահանջում է նախագահին եւ վարչապետին: Նա նաեւ տեղեկացրեց, որ գյուղացիները Երեւան-Հոկտեմբերյան ճանապարհը 6-7 կիլոմետր փակել են, մեքենաները կանգնել են, մեծ խցանում է առաջացել:
Նշենք, որ օրեր առաջ եւս Արմավիրի մարզի 10-ից ավելի գյուղերի բնակիչներ այսօր փորձել են փակել Երեւան-Արմավիր ճանապարհը` այդպես բողոքելով օրեր առաջ տեղի ունեցած կարկուտի հետեւանքով առաջացած մի շարք խնդիրների չլուծված լինելուց: Մարզպետն ասել է, թե Կառավարությունում պատրաստվում են բարձրացնել մի շարք հարցեր, գյուղացիների վարկերը սառեցնել, նոր վարկեր տրամադրել, սերմեր, սածիլներ տալ եւ աջակցել նրանց մի շարք այլ հարցերով:



























