Նյու Յորքում տարեց տղամարդն ընկել է Բրոդվեյի թատրոններից մեկի պատուհանից: Դեպքը կատարվել է մայիսի 19-ին՝ Lyceum Theater-ում «The Nance» բեմականացումից առաջ:

New York Post-ը հայտնում է, որ այցելուն երկրորդ հարկում սպասելիս է եղել ներկայացման սկզբին: Նա հենվել է ծանր վարագույրներին, որոնք ծածկում էին ֆրանսիական ոճի մեծ պատուհանը: Այդ պահին փեղկերը բացվել են, եւ նա ցած է ընկել: Ականատեսների խոսքով՝ նա ընկել է թատրոնի «երեսկալին» եւ այնտեղ մնացել 15 րոպե՝ մինչեւ հրշեջների ժամանումը, որոնք աստիճանի օգնությամբ իջեցրել են տուժածին: Դեպքի վայր ժամանած բժիշկները կրծքի եւ մեջքի աննշան վնասվածքներ են ախտորոշել եւ նրան տեղափոխել հիվանդանոց, գրում է utro.ru-ն:

ABC News-ի տվյալով՝ շոուն չի հետաձգվել: Թատրոնում մեկնաբանություններից հրաժարվել են: