Քալիֆորնիա նահանգի Օրինջի շրջանում կալանավորվել է 29-ամյա մի տղամարդ, ով կասկածվում է Սանտա Աննայի հայկական եկեղեցու չհրկիզվող պահարանը գողանալու մեջ: Այս մասին հաղորդում է OC Weekly-ն:

Դենիել Կորտեսը, որը երեւում է անվտանգության տեսախցիկներում, կալանավորվել է մեքենայով ոչ երկարատեւ հետապնդումից հետո:

Սանտա Աննայի եւ Անահայմի քննիչները միասին են աշխատում, քանի որ Կորտեսի խմբավորումը «կասկածվում է առնվազն հունվարից երկու քաղաքներում գողություններ կատարելու մեջ»: Իրավապահները տեղեկություն են ստացել, որն էլ ուղղորդել է դեպի կասկածյալը:

Որոշ գողացված իրեր հայտնաբերվել են: Մայիսի 1-ին հայկական եկեղեցուց կատարված գողությունից հետո ոստիկանությունը պարզել է, որ սեյֆում եղել է 15 հազար դոլար: Ոստիկանությունը դեռեւս փնտրում է մյուս երկու տղամարդկանց, որոնցից մեկը 40-45 տարեկան ճաղատ մարդ է, բեղերով եւ միջին կազմվածքով, իսկ մյուսը՝ 35-40 տարեկան, նիհար լատինամերիկացի, այծի մորուքով: