Ադրբեջանական ITV ալիքը, որը հեռարձակել է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթը, կարող է երեք տարով զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից կամ տուգանվել ձայների հաշվարկը ոչ ճիշտ ներկայացնելու համար, կարծում է իրավաբանական «Յուստ» ընկերության փաստաբան Դենիս Շումսկին:
Նա պարզաբանել է, որ թեեւ Ադրբեջանն ինքն է վեր հանել ձայների սխալ հաշվարկը, մրցույթի կանոնների համաձայն, պատժամիջոցները վերաբերում են մրցույթը հեռարձակող հեռուստաընկերությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եթե ձայների հաշվարկի հետ կապված որեւէ խախտում է ի հայտ գալիս, մրցույթի անցկացման կանոնների համաձայն, մասնակցող հեռուստաընկերության նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել, ընդհուպ մինչեւ 3 տարով մրցույթին մասնակցելու իրավունքից զրկում: Կարող են նաեւ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառվել՝ անդամության վճարի 5-10 տոկոսի չափով»,-ասել է իրավաբանը:
Շումսկիի խոսքով՝ քվեարկության արդյունքների վիճարկումը պետք է սկսել ЕВС դիմելով, իսկ հետագա գործողությունները կախված կլինեն միության արձագանքից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը «Եվրատեսիլ-2013» մրցույթի ժամանակ «կորցրել է» միավորները, որոնք տրվել էին Ռուսաստանը ներկայացնող մասնակցի՝ Դինա Գարիպովայի օգտին:



























