Եվրոպական հեռարձակողների միությունը հերքել է «Եվրատեսիլ- 2013» մրցույթի քվեարկության Ռուսաստանի ներկայացուցչի օգտին տված Ադրբեջանի ձայները չհաշվելու մասին պնդումները, հայտարարել է մրցույթի կազմկոմիտեի ներկայացուցիչ Յարմո Սիյման ի պատասխան «ՌԻԱ Նովոստիի» հարցման:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Ռուսաստանն Ադրբեջանից ոչ մի միավոր չի ստացել: Միաժամանակ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության տնօրենը հայտարարել է, որ իրականում Ռուսաստանի ներկայացուցչին տրվել է 10 միավոր:

«Հանդիսատեսի եւ ժյուրիի քվեարկության համադրման արդյունքները, որը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ, Ադրբեջանում թույլ չեն տվել, որ Ռուսաստանը տասնյակ մտնի: Այդ արդյունքը հաստատված է տեղում  Digame –ի մեր գործընկերների եւ PwC-ի անկախ դիտորդների կողմից», - ասվում է հայտարարության մեջ: Կազմկոմիտեի ներկայացուցիչը միաժամանակ դեմ է հանդես եկել արդյունքները քաղաքական մեթոդով փոխելուն:

Նա նշել է, որ ԵՀՄ-ն պատշաճ կերպով ուսումնասիրել է միջազգային մամուլի տեղեկատվությունը` Ադրբեջանի նախագահի կողմից ադրբեջանական ժյուրիի աշխատանքը եւ քվեարկության արդյունքները հետաքննելու մասին տեղեկությունները, անթույլատրելի է համարում ճնշումը պրոֆեսիոնալ ժյուրիի վրա, որի անկախությունը «Եվրատեսիլի» գլխավոր պայմաններից է: