Աբովյան 29 հասցեում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան առաջին անգամ այցելողները նախեւառաջ կնկատեն տուն-թանգարանի մուտքի մոտ տեղադրված հարակից տարածքում գործող գրավատան մեծ չափերով ցուցանակը։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Գրողի տուն-թանգարան առաջին անգամ այցելողները հավանաբար կհանդիպեն եւս մեկ խոչընդոտի՝ ինչպե՞ս գտնել տուն-թանգարանը։
«Շատ դժվար են գտնում տեղը։ Մենք ստիպված ենք լինում գնալ «Երիտասարդական մետրոյի» մոտից դիմավորել մեր այցելուներին», - պատմեց թանգարանի վարիչ տիկին Ռաֆայելյանը։ Տուն-թանգարանի առաջին այցելուի աչքից հաստատ չեն վրիպի նաեւ տուն-թանգարանի պատերի ճաքերն ու շենքի ավելի բարձր հարկերում ապրող բնակիչների տներից հոսած ջրերի հետքերը։
«2006թ. ասում էին՝ հաջորդ տարի, հաջորդ տարի։ Այս տարի ինձ արդեն չեն ասում, թե որոշակի երբ կլինի։ Այստեղ խնդիրն այն է, որ տուն-թանգարանը մասնաճյուղ է եւ ուղղակի չի ֆինանսավորվում։ Հավանաբար միջոցները սուղ են, չեն պատկերացնում՝ առաջիկայում երբ հնարավոր կլինի գումար հատկացնել հենց այս թանգարանին։ Այստեղ խնդիրները բարդացել են, որովհետեւ տարիներ, տասնամյակներ շարունակ կուտակվել են իրար վրա եւ չեն լուծվել...»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):



























