ԱՄՆ-ի Ֆորթ Ջեքսոն (Հարավային Կարոլինա) ռազմակայանի հրամանատարներից մեկը՝բանակի  բրիգադային գեներալ Բրայան Ռոբերթսը, հեռացվել է ծառայությունից  կնոջը դավաճանելու համար։ Այդ ռազմակայանում ծառայում է ԱՄՆ-ի բանակում եղած կանանց մեկ երրորդը։

Գեներալին մեղադրում են կանանցից մեկի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար։ Բացի դրանից, Ռոբերթսին մեղադրել են այդ կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ. ըստ նախնական տվյալների՝ գեներալը վեճի ժամանակ հարվածել էր այդ կնոջ դեմքին։ 

Ըստ ԱՄՆ-ի զինվորական օրենսդրության՝ ամուսնական դավաճանությունը հանցագործություն է, նշում է lenta.ru-ն։

Վերջին ժամանակներս ԱՄՆ-ի զինված ուժերում հաճախակի են դարձել սեռական հանցագործությունների հետ կապված սկանդալները։ Այսպես, մայիսի 17-ին աշխատանքից հեռացվել էր Ֆորթ Քեմփբել ռազմակայանի սեռական հանցագործությունների կանխարգելման ծառայության պետ Դարին Հաասը։ Նրան մեղադրել էին նախկին կնոջը սպառնալու մեջ։ Ավելի վաղ Պենտագոնից ոչ հեռու ձերբակալվել էր ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի սեռական հանցագործությունների կանխարգելման ստորաբաժանման ծառայության ղեկավար, փոխգնդապետ Ջեֆրի Քրուսինսկին։ Նրան մեղադրել էին հարբած վիճակում մի կնոջ հետապնդելու մեջ։

Ըստ մայիսի սկզբին Պենտագոնի հրապարակած զեկույցի՝  2012թ. ֆինանսական տարում սեռական հողի վրա հանցագործությունների տարեկան աճը կազմել է վեց տոկոս։