Օկլահոմայի ավերիչ տորնադոն դեմոկրատներին հանրապետականների վրա հարձակվելու հերթական առիթ է դարձել: Ռոդ Այլենդի սենատոր Շելդոն Ուայթհաուսը հայտարարել է, որ տորնադոյի մեղավորը հանրապետականներն են, գրում է Breitbart-ը:

Ըստ Ուայթհաուսի՝ հանրապետականները թաքցնում են գլոբալ տաքացումը, աղտոտում շրջակա միջավայրը եւ հրաժարվում այն պահպանելու միջոցներ ձեռնարկելուց: Արդյունքում ոչ միայն Օկլահոման, Ալաբաման կամ Թեքսասն են տուժում, այլեւ Ռոդ Այլենդը, Օրեգոնը, Մոնտանան եւ այլ նահանգներ:

Սենատորին վրդովեցնում է նաեւ այն, որ հենց Օկլահոմայում, Ալաբամայում կամ Թեքսասում հերթական տարերային աղետն է գրանցվում, հանրապետականները դեմոկրատներից միլիարդավոր  դոլարներ են պահանջում վերականգնման համար:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Ամերիկյան Քանզաս, Օկլահոմա եւ Օհայո նահանգներում մայիսի 20-ին հզոր տորնադո էր վրա հասել: Օկլահոմայում պտտահողմի հզորությունը գերագույն մակարդակի էր հասել՝  Ֆուձիտայի սանդղակի  EF5 ցուցանիշի:

Պաշտոնական տվյալներով 24 մարդ զոհվել է, որոնցից ինը՝ երեխաներ:  Ավելի քան 230 մարդ գտնվում է հիվանդանոցում: