ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: «Մեզ համար շատ կարեւոր է տարբերակել էներգիայի մեր սեփական աղբյուրները, ներկրվող էներգիային զուգահեռ օգտագործել նաեւ սեփական պաշարները», – բացատրել է Գալստյանը:
Ըստ նրա՝ USGS-ի մասնագետներն արդեն եղել են Հայաստանում եւ զեկույց են պատրաստում պաշարների մասին. «Այդ արդյունքները մենք անպայման կներկայացնենք հանրությանը»:
Հայաստանի կառավարությունը նավթի եւ գազի հայտնաբերման վեց գոտի է առանձնացրել, սակայն հանրապետության հաշվեկշռում նավթի կամ գազի պաշարներ դեռ չկան: Հարեւան երկրներից շերտաքարային գազի հայտնաբերմանը խթանում է Թուրքիան, որը հույսեր է կապում Հայաստանին հարակից հարավարեւելյան շրջանների հետ:




























