Բրիտանական MI5 հետախուզությունը գաղտնալսել է թագավոր Էդուարդ 8-րդի հեռախոսազրույցները` գահից հրաժարվելուց առաջ: Հրապարակված գաղտնի փաստաթղթերի համաձայն միապետի հեռախոսը գաղտնալսելու թույլտվությունը տրվել է կառավարության կողմից, հաղորդում է The Telegraph-ը:
Կառավարությունը չէր վստահում միապետին, ով լրջորեն հրապուրված էր ամուսնալուծված ամերիկուհի Ուոլլիս Սիմփսոնով, գրում է Independent-ը: Քաղաքական ճգնաժամ էր հասունանում, եւ 1936թ. դեկտեմբերի 5-ին կառավարությունը հրաման է արձակել լսել հեռախոսները Բուկինգհեմյան պալատում եւ Վինձորի նստավայրում: 5 օր անց թագավորը պաշտոնապես հրաժարվեց գահից, որ ամուսնանա Ուոլլի Սիմփսոնի հետ:
Էդուարդ 8-րդը` Գեորգ 5-րդի եւ թագուհի Մարիայի որդին, Մեծ Բրիտանիայի թագավոր է եղել 1936թ. հունվարի 20-ից դեկտեմբերի 11-ը: Հրաժարումից հետո նա ստացել էր Վինձորի դքսի կոչումը եւ երկար ու երջանիկ ապրել իր կնոջ հետ:




























