Լոնդոնյան հանցագործները փողոցում օրը ցերեկով զինվորին ոչ միայն դաժանաբար սպանել են, այլեւ առանց շտապելու այլանդակել նրա մարմինը: Նրանց հանգստությունն ու ինքնավստահությունը սկզբում շփոթեցրել է անցորդներին:
«Մենք անցնում էինք կողքով, ամուսինս ասաց, որ չնայեմ, ինչ-որ մեկը վատ է զգացել, վերակենդանացնում են»», - ականատեսի խոսքերն է մեջբերում Sky News-ը:
Մարդասպանների գործողություններն այդկերպ են ընկալել շատերը:
ITN News-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութում մարդասպանը հայտարարում է. «Ցավում եմ, որ կանայք եւս սրան ականատես եղան: Բայց մեր երկրում կանայք մշտապես սա են տեսնում: Դուք երբեք ապահով չեք լինի: Փոխեք ձեր կառավարությանը, այն թքած ունի ձեզ վրա»:
48-ամյա միսիս Լոյա Քեննեթը սկզբում կարծել է, թե վթար է տեղի ունեցել, շտապել է օգնություն ցույց տալու, բայց տեսնելով, որ նա մեռած է, ավելի ճիշտ՝ բզկտված, հասկացել է տեղի ունեցածը:
«Ես նայեցի նրանց, նրանց ձեռքի արյունոտ դանակներին, այնտեղ նաեւ փոքր կացին կար, որը մսագործներն օգտագործում են ոսկորները կոտրելու համար, եւ մտածեցի. «Լավ, ես չգիտեմ այստեղ ինչ է կատարվում, բայց ավելի լավ է նրանց ուշադրությունը սեւեռվի ինձ վրա», - The Telegraph-ին պատմել է երկու երեխաների մայրը:
Կինը մոտեցել է մարդասպաններից մեկին ու հարցրել նման արարքի պատճառը: Նա պատասխանել է. «Սպանեցի, որովհետեւ նա մահմեդականներին էր սպանում, իսկ ինձ զզվեցրել է այն, որ Աֆղանստանում մարդկանց սպանում են: Բրիտանացիներն այնտեղ անելիք չունեն», գրում է NEWS.ru.com-ը:
« Ես այդ ժամանակ ասացի. «Դուք այստեղ մենակ եք եւ ամեն ինչ ձեր դեմ է, ի՞նչ եք անելու»: Նա պատասխանեց. «Կմնամ եւ կպայքարեմ»: Այսպես զրուցելով կինը հանցագործներին զբաղեցրել է մինչեւ ոստիկանների ժամանումը:
Երբ իրավապահները տեղ են հասել, հանցագործներին վնասազերծողը դարձյալ կին է եղել: Ոստիկանության աշխատակցուհին, տեսնելով, որ մարդասպանները զենք ճոճելով մոտենում են, կրակ է բացել եւ խիստ պրոֆեսիոնալ կերպով վնասազերծել հանցագործներին, վերջիններս կյանքի համար անվտանգ վնասվածքներ են ստացել:































