Մոսկվայի համար անընդունելի է ՀՀՊ-ի հարցում Արեւմուտքի միակողմանի մոտեցումը, Մոսկվայում եվրոպական անվտանգության գիտաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը: Նա նշել է, որ ՀՀՊ-ի հարցը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններում ամենախնդրահարույցն է, եւ զգուշացրել, որ Կրեմլը ուշադիր հետեւում է այդ բնագավառում գործընկերների գործողություններին:
Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախազգուշացրել է, որ Ռուսաստանում մշակվել է «ռազմատեխնիկական միջոցառումների համալիր, որն ուղղված է ռուսական միջուկային ուժերի ներուժի վրա ԱՄՆ-ի ՀՀՊ-ի գլոբալ ազդեցությունը չեզոքացնելու դեմ»: Գերասիմովը հայտնել է, որ Ռուսաստանը ռազմավարական հարձակողական ապառազինումը կկրճատի միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ վերացել է ԱՄՆ-ի ՀՀՊ-ի սպառնալիքն իր միջուկային ուժերի նկատմամբ:
Իր հերթին Իվանովը նշել է, որ Ռուսաստանին պետք են միայն անվտանգության ամուր երաշխիքներ: Կրեմլի աշխատակազմի ղեկավարը խիստ քննադատել է նաեւ Արեւմուտքի մոտեցումը համաշխարհային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցում: Իվանովն օրինակ է բերել Միջին Ասիայի իրավիճակը, որտեղ ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն մինչ այժմ չեն կարողանում համագործակցել:
Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ նշել է, որ կազմակերպությունը նախկինի պես ակնկալում է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:



























