Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվի գաղտնազերծված փաստաթղթերում տեղեկություններ կան բրիտանական հետախուզության հակախորհրդային ծրագրերի մասին: Մտահոգվելով Խորհրդային Միության ազդեցության աճից՝ երկրի ռազմական իշխանությունները MI6 ծառայությանը հանձնարարել էին ԽՍՀՄ երկրներում իրադրության ապակայունացման ծրագիր մշակել:  Համապատասխան ծրագիրը մշակվել էր ռազմական հետախուզության պետ Սթյուարտ Մենզիսի ղեկավարությամբ, գրում է Guardian-ը:

Բրիտանական հետախույզները ծրագրել էին թուլացնել խորհրդային իշխանությունը՝ քաղաքացիների  շրջանում սննդամթերքի կեղծ ստացականներ, փաստաթղթեր եւ տարադրամ տարածելով, երկաթգծերի վրա հարձակումներ կազմակերպելով, խորհրդային պաշտոնյաներին վախեցնելով եւ սադրելով: Առաջարկվել էր նաեւ առեւանգել հայտնի խորհրդային գործիչներին եւ նրանց որպես փախստական ներկայացնել: 

Սակայն մշակված ծրագիրն այդպես էլ  թղթին էր մնացել: Բրիտանիայի կառավարությունը հավանություն չէր տվել դրան:  Մասնավորապես ծրագրին դեմ էր արտահայտվել արտգործնախարար Էռնստ Բրեւինը, իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ ծրագրի իրականացումը կպահանջի ազատություն տալ այնպիսի ուժերի, որոնց կառավարելն այնքան էլ հեշտ չի լինի: