Լոնդոնում զինծառայողին սպանած երկու հանցագործները նախկինում եղել են բրիտանական MI-5 եւ MI-6 հատուկ ծառայությունների տեսադաշտում: Նրանց հետեւելու պատճառը վերջիններիս կապերն էին ծայրահեղական կազմակերպությունների հետ:
Լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ ոստիկանությունը տղամարդկանցից մեկին ձերբակալել էր 2012թ.՝ երկիրը լքելու փորձի ժամանակ: Ավելի վաղ տրվել էր հանցագործներից մեկի անունը՝ նիգերական արմատներով 28-ամյա բրիտանացի Մայքլ Ադեբոլոջան, հայտնում է Life News-ը:
Ադեբոլոջան սովորել է Գրինվիչի համալսարանում, սակայն հայտնի չէ՝ ինչ մասնագիտությամբ:
Հետաքննության շրջանակում խուզարկումներ են անցկացվել Գրինվիչի թաղամասերում, ինչպես նաեւ Մայքլ Ադեբոլոջայի հոր տանը՝ Լինքոլնշիրում: Ոստիկանությունն այս գործով առայժմ չորս մարդու է ձերբակալել, որոնցից մեկը դեռահաս է:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի ցերեկը Լոնդոնի Վուլվիչ թաղամասում կատարված դաժան սպանությունը ցնցել է ողջ Մեծ Բրիտանիան: Իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն:




























