Ֆրեզնոյի քաղաքային շրջանում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին բանաձեւի նախաձեռնող Անդրեաս Բորգեասը, թեեւ թուրքական եւ ադրբեջանական կողմերի բազմաթիվ սպառնալիքներին, ոչ միայն վերահաստատում է իր կարծիքը, այլեւ փորձում դրանով վարակել հնարավորինս շատերին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Ղարաբաղը արժանի է ճանաչման:
«Եվ եթե մենք չկարողանանք այնպես անել, որ Վաշինգտոնը ընդունի այն, մենք պետք է Ամերիկայի մյուս նահանգներին Ղարաբաղի անկախությունը ճանաչեցնելով հասնենք նրան, որ Պետդեպարտամենտը եւ գործադիր մարմինը ողջունեն այս միտքը», - ասել էց Ֆրեզնոյի վարչաշրջանի ղեկավար Անդրեաս Բորգեասը:
Հիշեցնենք, Ֆրեզնոն դարձավ Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի առաջին շրջանը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձեւում Ղարաբաղը ներկայացվում է որպես «պատմականորեն եւ ազգային դիմագծով հայկական շրջան, որը գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»:
Անդրեաս Բորգեասը պատմում է , որ Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր հետաքրքրությունը սկսվել է Ղարաբաղ կատարած իր այցելությունից հետո: Ուսումնասիրելով այդ երկրի անցյալը, պատմությունը, Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունը` հասկացել է, որ Ղարաբաղը թիկունքի կարիք ունի: Եվ իր համախոհ գործընկերների հետ նախաձեռնել է մի բանաձեւ, որի ընդունումից ժամեր հետո ոչ միայն դարձել է Ադրբեջանի թշնամին, այլ նաեւ սկսել է առնչվել ադրբեջանական ամենօրյա սպառնալիքներին:
«Բայց Ֆրեզնոյի շրջանի օրենսդիրներս շատ հպարտ ենք այդ բանաձեւն ընդունելու եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելու համար: Հուսանք, սա վարակիչ կլինի նաեւ ամերիկյան այլ շրջանների, քաղաքների եւ բնակավայրերի համար, որտեղ նույնպես կընդունվեն նույնանման բանաձեւեր, մինչեւ որ վերջապես Սակրամենտոն եւ, ինչու չէ, պաշտոնական Վաշինգտոնը ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը», - ասաց Բորգեասը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ դա դյուրին չի լինի. - «Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղ լոբբիստական մեխանիզմներ ունեն, որ աշխատում են ընդդեմ, սակայն սա մեր ժողովրդավարական պրոցեսի մի մասն է, եւ ինչպես մենք ենք հարգում մյուսների կարծիքները, նրանք էլ պարտավոր են հարգել մերը»:
Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել են Ամերիկայի երեք նահանգներ, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը: Իսկ այս տարվա մարտին Լիտվայի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ստեղծվել են Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբեր:




























