Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում կրկին կալանավորվել է 22-ամյա հայուհին, ով այս ամիս ավելի վաղ դատապարտվել էր «Դիսնեյլենդում» կեղծ տոմսեր վաճառելու համար: Այս մասին հաղորդում է Glendale News-Press-ը: Կինը կալանավորվել է այն բանից հետո, երբ փորձել է Sephora խանութից կրեմ գողանալ, իսկ երբ խանութի աշխատակցուհին դա նկատել է, հայուհին հարվածել է նրան:

Խանութում կորուստների կանխմանը հետեւող աշխատակցուհին հետեւել է անվտանգության տեսախցիկներին եւ նկատել, որ Ալիսա Ենոքյանը 5 կոսմետիկ ապրանք է դրել պայուսակի մեջ: Ենոքյանը դուրս է եկել խանութից, բայց նրան դիմավորել է խանութի աշխատակցուհին եւ պահանջել վերադարձնել ապրանքը: Նրանք սկսել են պայքարել պայուսակի համար եւ Ենոքյանը երկու անգամ հարվածել է աշխատակցուհու դեմքին:

Ենոքյանը կալանավորվել է գողության կասկածանքով եւ ոստիկանության ասել, որ խանութի աշխատակցուհին ճանկռել է իրեն, դրա համար էլ ինքը հարվածել է: Ենոքյանը նաեւ հայտարարել է, որ եթե խանութի աշխատակցուհին «սիրալիր» խնդրեր, ինքը կվերադարձներ ապրանքը:

Ավելի ուշ Ալիսա Ենոքյանը 20 հազար գրավի դիմաց ազատ է արձակվել եւ, ամենայն հավանականությամբ, հուլիսի 2-ին կկանգնի դատարանի առջեւ: