«Մեր բազմաթիվ քաղաքացիներ էթնիկ հայեր են, որոնք հաջողությամբ ինտեգրվել են մեր երկրի մշակութային կյանքին»,- հայտարարել Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ԱՊՀ երկրների, Բալթյան երկրների եւ Վրաստանի Գլխավոր խմբագիրների ակումբի ներկայացուցիչների հետ Բիշքեկում:
Նրա խոսքով, Ղրղըզստանի եւ հայաստանի միջեւ սահմանների եւ հաղորդակցության բացակայությունը հիմնական պատճառն է, որ խոչընդոտում է ակտիվ տնտեսական կապերի հաստատմանը: Ըստ Աթամբաեւի, այսօրվա դրությամբ Ղրղըզստանը Հայաստանից ներմուծում է գերազանցապես հայկական կոնյակ. «Թեեւ դա այն կոնյակն է, որ Ստալինը նվիրում էր Չերչիլին, իսկ Պուտինը` Քեմերոնին»:
Միեւնույն ժամանակ նախագահը հետաքրքրություն է ցուցաբերել ոսկերչական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի ստեղծման առաջարկին, քանի որ դրա համար իր երկիրը ռեալ պոտենցիալ ունի, Ղրղըզստանում ոսկի եւ թանկարժեք քարեր են արդյունահանում, իսկ Հայաստանում կան լավ ոսկերիչներ, հաղորդում է « Նովոստի-Արմենիան»:
Աթամբաեւը ցավով նշել է, թե խորհրդային Միության փլուզումից հետո հանրապետությունները ոչ միայն կորցրեցին նախկին կապերը, այլեւ հայտնվեցին թշնամական ճամբարներում:
Նշենք, որ որոշ տվյալներով, Ղրղըզստանում բնակվում է մոտ երեք հազար հայ: Հայերը հիմնականում զբաղված են փոքր բիզնեսի ոլորտում, կան ուսուցիչներ եւ բժիշկներ:




























