Պորտուգալիայի հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արտաքին հարաբերությունների, համագործակցության եւ անվտանգության հարցերով պետական քարտուղար Ֆրանսիսկո Ալմեիդա Թեիթի հետ: Կողմերը քննարկել են հայ-պորտուգալական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների միջեւ գործակցության մակարդակը խիստ անբավարար է, գրեթե չկան քաղաքական, տնտեսական, անվտանգության, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության ծրագրեր, էական բարելավման կարիք ունի համագործակցությունը միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ ձեւաչափերով:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել հայ-պորտուգալական երկխոսությունը տարբեր ուղղություններով, ինչի նպատակով այս տարվա աշնանը Երեւան կայցելի պորտուգալական բարձրաստիճան պատվիրակությունը: Պորտուգալական կողմը, որպես ԵՄ առանցքային երկրներից մեկը, իր աջակցությունն է հայտնել սատարելու Հայաստանի հետ երկկողմ գործակցությանը ԵՄ շրջանակներում, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով կոնկրետ ծրագրեր իրականացնելու շուրջ:
Հաջորդ հանդիպումը ԱԱԽ քարտուղարն ունեցել է Պորտուգալիայի կառավարության անվտանգության եւ դիվանագիտական խորհրդական-դեսպան Գիլբերտո Ջերոնիմոյի հետ: Կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում համագործակցության ակտիվացմանը վերաբերող, երկկողմ պարբերական քաղաքական խորհրդատվություններ իրականացնելու անհրաժեշտությունից բխող հարցերի լայն շրջանակ:
Արթուր Բաղդասարյանը Պորտուգալիայում Հայաստանի պատվո հյուպատոս Միքայել Գյուլբենկյանի հետ այցելել է Գալուստ Գյուլբենկյանի անվան հիմնադրամ եւ թանգարան: Հիմնադրամի ղեկավարության հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման խնդիրները, ձեռք են բերվել կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում գործակցությունը խորացնելու պայմանավորվածություններ:




























