Մայիսի 22-ին Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետեւել է նախագահ Նապոլիտանոյի եւ դեսպան Ղազարյանի առանձնազրույցը:
Շնորհավորելով դեսպան Ղազարյանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Նապոլիտանոն իր գոհունակությունն է արտահայտել երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բոլոր տեսակի կապերի էլ ավելի ամրապնդման գործում:
Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով նախագահ Նապոլիտանոյին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը կարեւորում է Իտալիայի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, եւ, որ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Կողմերը համոզմունք են հայտնել առ այն, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ բազմադարյա պատմության նոր էջ բացելու համար:
Շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-իտալական քաղաքական օրակարգի, այդ թվում՝ նաեւ բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին վերաբերող հարցերին, երկկողմ տնտեսական եւ մշակությային համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներին:




























