Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Միացյալ արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ Ալ Զաաբիին(նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով  դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանը իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը նաեւ հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ ձեւավորված հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել դեսպանին դրանց առավել ամրապնդման եւ ընդլայնմանն ուղղված նրա առաքելության մեջ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ալ Զաաբիին նշեց, որ Արաբական միացյալ էմիրությունները կարեւորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ եւ վստահեցրեց, որ ջանքեր չի խնայի այդ ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ալ Զաաբիին քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը։  

Զրուցակիցներն արձանագրեցին, որ հայ-էմիրաթյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման բնագավառում մեծ ներուժ կա, որի օգտագործման համար հարկավոր են երկուստեք գործուն քայլեր։ Այս համատեքեստում նշվեց հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի ձեւավորման կարեւորությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Երեւանում Էմիրությունների դեսպանության բացման անհրաժեշտությանը։