Հայաստանում գազի թանկացման դեպքում քաղաքացիական ակտիվիստները պայքարելու են անհնազանդության ակցիաներով: Այդ մասին լրագրողներին հայտնել են «Թույլ չենք տա գազի թանկացում» նախաձեռնության անդամներ Սիլվա Ադամյանը, Արամ Գրիգորյանը եւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Վերջինիս խոսքով, կառավարությունը պատասխանատվություն չի կրում իր ծրագրերի չկատարման համար: «Խոստացել էին նվազեցնել աղքատությունը, չնվազեցրին: Որեւէ մեկը դրա համար պատասխան տվե՞ց: Չտվեց: Դա կառավարության սովորական աշխատաոճն է»,- ասել է Ղուկասյանը: Նրա խոսքով, բողոքները կկազմակերպվեն ցանկացած միջոցով:

Սիլվա Ադամյանի խոսքով, գազի թանկացումը կավելացնի անտառների ապօրինի հատումները: Սակայն թե հանրությունը, թե իշխանությունները բարոյապես իրավունք չունեն կանգնեցնել դա: «Չի կարելի բռնել մարդու ձեռքն ու ասել` չի դիպչիր ծառին: Քանի որ նա տաքանալու այլ միջոց չունի»,- ասել է Ադամյանը:

Ակտիվիստները նաեւ մտադիր են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: